Интервью Аспрам Царукян с Жанной Блбулян

 

 

Ասպրամ Ծառուկյան с Жанной Блбулян

April, 7, 2020

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հատվածներ կոմպոզիտոր, դերասանուհի Ժաննա Բլբուլյանի մասին իմ՝ <<ԱՆՎԵՐՋ ԶՐՈՒՅՑ ԿԱՐՈՏԻ ՄԱՍԻՆ ակնարկաշարից
<<ԱՇԽԱՐՀԸ ՍԻՐՈՎ Է ԿԱՆԳՈՒՆ․․․>>

Ժ․Բ․ - Մենք հինգ երեխա էինք։ Ես շատ երազկոտ էի։ Դեռ մանկապարտեզում երգեր էի հորինում, երգում, արտասանում։ Ծնողներս ինձ ու Լևոնի համար Հ․ Թումանյանի, Ղ․ Աղայանի, Ա․ Պուշկինի ստեղծագործություններ էին կարդում, գրականության, պոեզիայի միջոցով բարու, ազնիվի, գեղեցիկի հանդեպ սեր արթնացնում մեր հոգիներում։ Սովորեցնում էին լսել, զգալ երաժշտությունը։ Նաև շախմատ խաղալ էին սովորեցնում։ Տանը պատեֆոն կար, ձայնապնակներ։ Առաջին անգամ օպերա ինձ հայրս է տարել։ Տարել է պատկերասրահ, մատենադարան։ Առաջին ներկայացումը, որ դիտեցինք օպերայում, <<Սևիլյան սափրիչն>> էր։ Գլխավոր դերերում հանդես էին գալիս անվանի երգիչներ Նառ Հովհաննիսյանն ու Գոհար Գասպարյանը։ Նախքան դահլիճ մտնելը հիանում էինք սրահը զարդարող արվեստի գործերով՝ չինական մանրանախշերով հսկա սափորներով, պատերին փակցված Մ․ Սարյանի, ուրիշ հայտնի նկարիչների կտավներով։ Հայրս հատ-հատ մատնանշում, բացատրում էր, թե այդ նկարներն ինչ իմաստ, ինչ խորհուրդ ունեն։ Հիմա այդ ամենից ոչինչ չի մնացել, տեսնես ի՞նչ եղան, ու՞մ <<ընծայվեցին>> սրահին շուք ու փայլ հաղորդող այդ ստեղծագործությունները։
Այս կյանքում բոլորից ճիշտ ինձ զգացել, գնահատել են ծնողներս։ԵՎ դա է իմ միակ մխիթարանքը․ ուրեմն՝ զուր չեմ ապրել, պայքարել, որոնել, կարոտել, տառապել, ոգեշնչվել, հուսահատվել և ապա վերստին հավատացել ու կրկին երազել․․․ Երջանկություն է, երբ ծնողը հասկանում է զավակին։ Հայրս, մայրս ինձ պարգևեցին թերևս ամենակարևոր՝ ներելու շնորհը։ Որքան էլ հարվածներ եմ կրել կյանքում, ներողամտության զգացումը երբեք չի լքել ինձ։ Հոգուս մեջ թույն չի գոյացել, միշտ ներել, մոռացել եմ վատ արարքը, վիրավորանքը, անարդարությունը, անտեղի հասցված ցավը, և այդ զգացումը որևէ առնչություն չունի ինքնասիրության պակասի հետ։ Վիրավորանքը, չարությունը, նախանձը, քինախնդրությունը, ատելությունը կործանարար են։ Աշխարհը սիրով է կանգուն։ Միշտ երախտագիտության խոսքով եմ հիշում ծնողներիս․<<Շնորհակալ եմ, որ այդքան լավ բան տվեցիք>>։

 

Ա, Ծ․ - Բանաստեղծությունների վերնագրերից նույնպես զգացվում է , որ շատ եք կապված եղել ձեր մոր հետ։
Ժ․ Բ․ - Շատ էի կապված, դեռ մանուկ հասակում սարսափում էի, որ մի օր կորցնելու եմ նրան, որ մի օր նա չի լինելու։ Շատ էր բարի, շնորհալի։ Չափազանց նվիրված էր իր գործին, այնքան նվիրված և արդարամիտ, որ երբ թոշակի անցավ, իր տեղում ուրիշին էին նշանակում, ժողովուրդը գալիս, բողոքում էր, պահանջում․ <<Մենք մեր Թամարին ենք ուզում>>։ Այնքան բողոքներ եղան, որ Արդարադատության նախարարությունում որոշեցին նրան կրկին վերանշանակել իր պաշտոնին։ Հայաստանում առաջին կինն էր, որ արժանացավ <<Վաստակավոր իրավաբան>> կոչմանը։
Հինգ երեխա մեծացրեց մայրս՝ սիրով, գուգուրանքով։ Պատասխանատու աշխատող էր, բայց երբեք տնային աշխատող չպահեց։ Ամեն գործ ինքն էր անում, հասցնում էր անել։ Բազմաշնորհ էր․ ասեղնագործում էր, մեզ համար գեղեցիկ հագուստներ կարում, տան պատուհանների համար վարագույրներ ձևում, ձևավորում։ Անգամ երբ տարիքն առաջացել էր, նույն ջերմեռանդ մաքրասերն էր։ Իսկ որքա՜ն համեղ էին եփած ճաշերը։ Արտերկրից հյուրեր են եկել մեր տուն։ Տան կատարյալ մաքրությունից, ջերմ հյուրասիրությունից տպավորված՝ դստերս հարցրել են․ << Տատիկդ քանի՞ տնային աշխատող ունի>>։ Նառան պատասխանել է․ << Տատիկս է մաքրում>>։ Մնում եմ զարմացած․ <<Ինչպես թե՝ իրավաբան է ու տան մաքրությու՞ն է անում>>։ Ամեն գործ հասցնում էր անել, երբեք չէր հոգնում, չէր դժգոհում։ Ո՜նց էր հասցնում։ Միշտ նույն բարի, հոգատար կինն էր, մայրը․․․Նրան վերաբերող ամեն բան անմոռանալի ու թանկ է ինձ համար։


Ծնողներիս ծանոթությունը շատ հետաքրքիր է եղել։ Երբ մայրս ավարտում է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որպես դատավոր աշխատանքի են նշանակում Նոր Բայազետում։ Վարձով ապրում է դատարանում աշխատող Լուսյա անունով կնոջ տանը։ ԵՎ բոլորի հետաքրքրությունը պտտվում է այդ իրադարձության շուրջ։ Մի օր այդ կինը մորս հրավիրում է թատրոն։ Ներկայացումն սկսվում է։ Հանկարծ կուլիսներից լսվում է մեկի ձայնը․ << Եկա՜վ, Անդրանիկը եկա՜վ>>։ Ներս է մտնում է հաղթ, համակրելի տեսքով մի տղամարդ՝ զինվորական հագուստով։ Մայրս շշուկով հարցնում է Լուսյային․ <<Ո՞վ է այս հմայիչ դերասանը>>։ ԵՎ նրա այդ հարցը դառնում է ճակատագրական։ Հաջորդ օրը քաղաքում տարածվում է, որ նորավարտ դատավորը սիրահարվել է Բլբուլյան Ռաֆիկին։ Լուրն ընկնում է հորս ականջը։ Մի քանի օր անց ընտիր հագնված, գլխին՝ գեղեցիկ շլյապա, մտնում է մորս աշխատասենյակ, ներկայանում․ << Ահա, եկել եմ, ես եմ Բլբուլյան Ռաֆիկը>>։
Բոլոր անվանի դերասանները գալիս, խաղում էին Նոր Բայազետի թատրոնում։ Հիշում եմ՝ ո՜նց էր Գուրգեն Ջանիբեկյանը սիրում թատրոնի կատվին։ Այդ տարիներին թատրոնի տնօրենը հայրս էր։ Երբ արդեն ամուսնանում են, մայրս ասում է․ <<Ռաֆիկ, թատրոնն ապագա չէ։ Գնա, դու էլ իրավաբանություն սովորիր>>։ Հայրս կատարում է մորս խոսքը։ Ընդունվում է երկու ֆակուլտետ՝ արևելագիտության և իրավաբանական։ Հետագայում դարձավ հայտնի փաստաբան։ Հեղինակություն էր, խոսքը՝ վճռորոշ։Եղել է մի օր, որ փաստաբան Ռաֆիկ Բլբուլյանը դատական նիստի ժամանակ դատախազին դուրս է հրավիրել դահլիճից։ Խորհրդային կարգերի օրոք ո՜վ կհամարձակվեր այդպիսի բան անել։ Հայրս արել է։ Եվ դատապաշտպան Ռաֆիկ Բլբուլյանի համբավը հասել է հեռուներ։ Մարդիկ գալիս, ներկայացնում էին իրենց խնդիրները, հոգսերը։ Երբ հորս ջանքերի շնորհիվ խնդիրը դրական լուծում էր ստանում, երախտագիտության խոսքերից բացի՝ նվերներ էին բերում։ Այդպիսի մարդկանց հայրս վտարում էր։ Երբ նրան դատավոր նշանակեցին, գնում նախարարություն, խնդրում էր․ <<Վերադարձրեք ինձ իմ փաստաբանական աշխատանքին>>։ Մինչդեռ ուրիշները կաշառք էին տալիս, որպեսզի շարունակեն դատավոր աշխատել։ Մայրս, հայրս․․․ երկուսն էլ վառ անհատականություն էին, պայծառ կերպարներ։